Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։
Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ
Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:
Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:
Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի: