Անվտանգությանապահովում
Դեպքի վայրի զննում
Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
– Ի՞նչ է պատահել:
– Ի՞նչ վտանգ կա:
– Քանի՞ տուժած կա:
– Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:
Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում
Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ահազանգում
Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:
Այդ տեղեկություններն են.
– Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
– Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
– Ինչ է պատահել:
– Զանգահարողի անունը, ազգանունը:
– Տուժածների քանակը:
– Տուժածների վիճակը:
– Ցուցաբերված առաջին օգնությունը:
Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են
– հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
– ոստիկանություն 1-02.
– շտապօգնություն 1-03.
– գազի վթարային ծառայություն 1-04
Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: